ՆՈՐ ԳԵՂԻ
Ճաթղռան, Բազմավան, Նոր Քղի և ի վերջո Նոր Գեղի, նոր քանի որ այն օր օրի նորանում է, ծաղկում ու փթթում, քանզի բոլոր ժամանակներում գյուղն ավելի շատ ոչ թե իր հներով, այլ նորերով ու նորություններով է աչքի ընկել:
Ամենուրեք քարեր, ղռեր ու ժայռեր. սա է եղել Նոր Գեղիի տարածքը դեռ հարյուրավոր տարիներ առաջ: Անցյալում այստեղ՝ լեռների գրկում, ծվարած է եղել հսկա ժայռերից կարծես թե վախեցած ղռերով լցված մի գյուղ: Դա էր պատճառներից մեկը, որ այդ ժամանակներում գյուղը կոչվել է Ճաթղռան:
Այստեղ է գտնվում Նոր Գեղիի հնավայրը (քարայր- կացարանների համալիր), որը հրաբխային լավայի երկու հոսքերի մեջ պարփակված բացառիկ հուշարձան է: Այս հոսքերից վերինը թվագրվում է 200 հազար, իսկ ստորինը՝ 400 հազար տարվա վաղեմությամբ:
1931թ. Տվյալներով գյուղում եղել է ընդամենը 75 տնտեսություն: Այստեղ ապրել են հայեր, եզդիներ, ասորիներ, ադրբեջանցիներ: Տները գրեթե միատեսակ են եղել. Փոքրիկ թոնիրներով, հացատներով, դրանց կողքին գոմեր և ուրիշ ոչինչ: Այգիների մասին այդ ժամանակներում խոսք անգամ լինել չէր կարող: Ասում են, որ հատուկ են ծառեր էին միայն, այն էլ տնամերձ հողամասերում: Սակայն ճաթղռանցին սկսել է մաքառել բնության դեմ և ապրել այսօրվա նորի հույսով:
Երևի թե Ճաթղռանն այդպես էլ պապակ կմնար, եթե այստեղ չհասներ ջուրը: Հրազդանգետից սկիզբ առնող 17 մեծ ջրանցքներից մեկն է Արզնի-Շամիրամը: Այս ջրանցքի ջրերը իրենց վազքն սկսում են Արզնի հիդրոկայանը սնող ճնշման ավազանից, անցնում Եղվարդի սարահարթի անթիվ բլուրների միջով , անցնում Քասախ գետի վրայով, կտրում 80,6 կմ տարածք և հասնում Արագածի լանջերը: Այդ ճանապարհին ջրանցքի ջրերը կյանք են պարգևում 19058 համաշված հողերի և երբեմն ի պապակ ղռերին:
Այո, ջրանցքի ջրերը հոսեցին նաև Ճաթղռանի տարածքով և ազդակ հանդիսացան այն վերակենդանացնելու: Այստեղ ջրի փոքրիկ առվակը սկսեց բացել այսօրվա ձորի հունը, որն հետո ալյակներ էր ունենալու, ճեղքելու էր ժայռերը և դառնար մերօրյա Նոր Գեղիի գեղատեսիլ վայրերից մեկը:
Ջրի հետ գյուղն սկսեց օր-օրի կանաչել: Սկսեցին երևալ առաջին այգիները:
Հետագայում գյուղն անվանվեց Բազմավան: Սակայն այս անվանումը երկար չէր կարող ապրել այն գյուղի համար, որտեղ պետք է գային Արևմտյան Հայաստանից գաղթած հայերը՝ քղեցիները (էրզրումի վիլայեթի Քղի (Կեղի) գավառը) : 1933թ. ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում հիմնադրում են «Համաքղեցիական միությունը»: 1961թ. «Համաքղեցիական միությունը» պատվիրակություն է ուղարկում ՍովետականՀայաստան: Պատվիրակությունը խնդրում է Հայաստանի գյուղերից մեկը վերանվանել Քղի և այնտեղ բնակեցնել վտարանդի հայրենակիցներին: Խնդրանքը հարգվում է: Նրանք լինում են Հայաստանի շատ բնակավայրերում և ի վերջո հավանում են Բազմավանը (նախկին Ճաթղռանը), որը շատ են նմանեցնում իրենց Կեղի գավառին: Բազմավանը վերանվանվում է Նոր Քղի (հետագայում՝ 1964թ. Նոր Գեղի):
Նոր Գեղիի և աշխարհի տարբեր երկրներում բնակություն հաստատած քղեցիների միջև կապը այսօր էլ կենսունակ է: Նրանց շնորհիվ և աջակցությամբ վերանորոգվել են Նոր Գեղի համայնքի թիվ 1 և թիվ 2 միջնակարգ դպրոցները, թիվ 2 մանկապարտեզը:
Այսօրվա կանաչով պատված Նոր Գեղին մեկ կամ մի քանի օրում չէ որ ստեղծվել է: Նոր Գեղին տարիների և նոր գեղցու քրտնաջան աշխատանքի, ապագայի հանդեպ մեծ հույսի ու հավատի արդյունքն է:
Տարիների ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ «ծառերի լեզուն», սակայն դրա համար մեծ համբերություն էր պետք, ինչպես երեխան, տնկին նույնպես խնամքի, հոգատարության կարիք ուներ, որ հետո իր արդյունքը ցույց տար և պտուղներ քաղեր: Նոր գեղցին ուներ այդ համբերությունը: Մարդիկ և ծառերը տարիների ընթացքում շատ մտերմացան և դրա վառ ապացույցն է այստեղի հեկտարներով խնձորի այգիները:
Նոր Գեղիում բացի այգեգործությունից զբաղվում են նաև թռչնաբուծությամբ, անասնապահությամբ, ադամանդագործությամբ և բոլոր ժամանակներում գյուղը եղել է Հայաստանում իր տնտեսությամբ աչքի զարնող գյուղերից մեկը:
Երևի թե դա էր պատճառներից մեկը, որ դեռևս 1937թ հիմնադրվեց «Նոր Գեղիի ակ. Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը. Որպես «Երևանի գյուղատնտեսության մեքենայացման տեխնիկում»: 1965թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Երևանի Գյուղատնտեսության մեքենայացման տեխնիկումը» տեղափոխվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի ավան և անվանվել է «Նոր Գեղիի ակ. Գ. Աղաջանյանի անվան գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման սով խոզ-տեխնիկում»: Ներկայումս սով խոզ-տեխնիկումը վերանվանվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Նոր Գեղիի ակ. Գ. Աղաջանյանի անվան պետականգյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի:
Ինչպես տարիներ առաջ այսօր էլ քոլեջն ունենում է բազմաթիվ շրջանավարտներ:
Գյուղի բնակչության աճին, տնտեսական զարգացմանը նպաստել է Նոր Գեղիի տարածքում գտնվող «Լուսակերտի» թռչնաֆաբրիկան, ինչպես նաև ժամանակին մեծ համբավ ունեցող ադամանդի մշակման գործարանը:
Նման տեմպը նպաստել է տարիների ընթացքում գյուղի բնակչության աճի այնպիսի զարգացման, որ տարածքն ընդլայնվել և ընդգրկել է Բանավան (բանվորների ավան) թաղամասը: Այսօր Բանավանի բնակչության թիվը հասնում է գրեթե 2000-ի:
Նոր Գեղիի զարգացման, աճման և կայացման գործում իր անքակտելի տեղն ու դերն է ունեցել Ցոլակ Մանվելի Խաչատրյանը, ականավոր մարդ, ում մասին այսօր էլ գյուղում բոլորը մեծ հարգանքով են խոսում:
Նոր Գեղիի կենտրոնական մասում է գտնվում 1985թ կառուցված հուշարձանը՝ նվիրված 2-րդ աշխարհամարտի հաղթանակի 40 ամյակին:
2018թ.-ին համայնքում մեծ հանդիսությամբ տեղի ունեցավ Նոր Գեղիի առաջին եկեղեցու՝ Սբ. Հովհաննեսի բացումը:
Նոր Գեղին Հայաստանի այն խոշոր ու զարգացած գյուղերից է, որն ունի գործող 3 մանկապարտեզ, 2 դպրոց, մշակույթի կենտրոն, արվեստի դպրոց:
Վերջերս մեծ շուքով գյուղում սկիզբ դրվեց մի նոր ավանդույթի, որը թերևս կդառնա սովորույթ:
Համայնքի բնակչության, որոնց գրեթե 90 տոկոսը զբաղվում են խնձորի մշակմամբ, որը հանդիսանում է գյուղի խորհրդանիշը, 2019թ․ հոկտեմբերի 20-ին մեծ շուքով նշեցին «Խնձորի փառատոն»-ը : Հանդիսավոր կերպով տեղի ունեցավ համայնքի խորհրդանիշ հանդիսացողխնձորի արձանի բացումը:
Գյուղի տարածքում կան բազմաթիվ արտադրամասեր, հանգստյան գոտիներ, գործարաններ,հանքեր, ջերմատներ:
Նոր Գեղին այն գյուղերից է, որտեղից կարելի է ասել չեն արտագաղթում: Այսօր գյուղն ունի 7000-ից ավել բնակչություն:
Նոր Գեղին նորագույն է, այն բռնել է զարգացման նորովի, ծաղկուն մի ուղղի: Նոր Գեղին դեռ էլ ավելի կնորանա և կծաղկի:
111
Facebook
YouTube